Եվրոպական ֆուտբոլի առաջատար հինգ տերությունների առաջնությունները դանդաղորեն մոտենում են եզրագծին: Այս էտապում դրանք որոշակիորեն հատվում են Չեմպիոնների ու Եվրոպայի լիգաների խաղարկությունների փլեյօֆյան փուլի հետ, և հատկանշականն այն է, որ լարվածության կողքին նաև որին նախապատվություն տալու առումով ֆուտբոլասերներին պակաս երկակի զգացումների մեջ չի պահում: Սրանում հատկապես «ջանադիր» է մառախլապատ Ալբիոնի առաջնությունը:
ՉՈՐՍԻՑ ՄԵԿՆ ԱՎԵԼՈՐԴ Է
Այո, մեդալների համար ծավալված պայքարում անգլիական պրեմիեր լիգայի յոթ-ութ ակումբներից նոր-նոր է սկսել առանձնանալ առավել մեծ շանսեր ունեցող քառյակը, որից մեկն ակնհայտ ավելորդ է, քանզի մրցանակային տեղերը երեքն են: Առաջնության ավարտին առաջին եռյակը թե ո՞ր թիմերը կկազմեն, այս փուլում կարող է հստակ պատասխանել միայն խելագարը, որովհետև սկզբունքորեն չկա մի տուր, որ իր խմբագրումները չանի: Եթե ոչ հիմնովին, գոնե՝ մասնակի: Ծայրահեղ դեպքում՝ տեսանելի հեռանկարում: Բացառություն չեղավ և 30-րդը:
Արտագնա խաղում «Չելսին» «Աստոն Վիլլային» պարտվեց (0:1), և ոչ ոք պատճառը թող չփնտրի պահի մեջ, թե դիմացը «Գալաթասարայի» հետ չափազանց կարևոր հանդիպումն է, թե թիմը խաղն ավարտեց ինը հոգով և այլն, և այլն: Սրանք հեքիաթներ են: Մոուրինյոն որքան էլ հայտարարում է, թե ընթացիկ մրցաշրջանում մեկ գերխնդիր ունի՝ թիմի կազմավորում, ոչ մեկն էլ մանուկ կամ մանկամիտ չէ. պորտուգալացին հավասարապես աչք ունի թե՛ Չեմպիոնների լիգայի, թե՛ ներքին առաջնության չեմպիոնության վրա ու դրա համար պատրաստ է յուրաքանչյուրի «փորոտիք թափելու»: Պարզապես բիրմինգհեմցիները բռնեցին իրենց հաջողության ժամն ու տեր կանգնեցին դրան:
«Չելսիի» այս պարտությունը լավագույնս օգտագործեց երեք խաղ պակաս ունեցող «Մանչեստր Սիթին»՝ հյուրընկալվելիս 2:0 հաշվով առավելության հասնելով «Հալլ Սիթիի» նկատմամբ ու վաստակած միավորները հասցնելով 60-ի: Եթե այս մնացուկային երեքից Պելեգրինիի թիմը կարողանա քամել առավելագույնը, ապա ակումբը կհայտնվի աղյուսակը գլխավորողի դերում՝ նույն այդ «Չելսիի» նկատմամբ ունենալով երեք միավորի առավելություն, իսկ այսպես վարվելու համար թիմն ավելի քան մոտիվացված է, քանզի Չեմպիոնների լիգայի խաղարկությունից թռչելը ինչ-որ բանով մեղմել պե՞տք է, թե՞ ոչ:
Սակայն անգլիական առաջնության ողջ հմայքն այն է, որ տուրի առավել սպասված հանդիպումը ոչ «Աստոն Վիլլա»-«Չելսի», ոչ էլ «Հալլ Սիթի»-«Մանչեստր Սիթի» դիմակայություններն էին, այլ «Մանչեստր Յունայթեդ»-«Լիվերպուլ» առճակատումը, որը, մասնագետների համընդհանուր հավաստմամբ, տուրի թիվ մեկ իրադարձությունն էր: Վերջին 22 տարում մերսիսայդցիներն առաջին անգամ էին Մանչեստր գնացել հանդիպման ֆավորիտի կարգավիճակում, ու առաջ անցնելով, ասենք, որ արդարացրին սպասումները: «Օլդ Թրաֆորդում» նրանք փառահեղ հաղթանակ տարան 3:0 հաշվով: Ի դեպ, այստեղ յուրօրինակ հեթ տրիկի հեղինակ կարող էր դառնալ Սթիվեն Ջերարդը, եթե երրորդ տասնմեկմետրանոցն էլ արդյունավետ իրացներ: Ինչևէ: Սակայն շատ ավելի կարևորն այն է, որ իր գերազանց խաղով այս հրաշալի թիմը երկրորդ հորիզոնականում է և լրջորեն ներգրավված է ոսկու համար պայքարում: Նվազագույն հաշվով «Տոտենհեմի» նկատմամբ տոնած հաղթանակից հետո «Լիվերպուլի» հանգույն ակտիվում 62 միավոր ունի նաև պրեմիեր լիգայի ոչ վաղ անցյալի առաջատարը՝ «Արսենալը», որը բոլորովին վերջերս «Մանչեստր Սիթիի» նման հարկադրված եղավ հրաժեշտ տալու Չեմպիոնների լիգայի ընթացիկ խաղարկությանն ու ամբողջապես ծանրացած է առաջնության վրա` այստեղից բխելիք ամենաամբիցիոզ ձգտումներով:
ՌԵԿՈՐԴ՝ ԱԿՈՒՄԲԻ ՄԱԿԱՐԴԱԿՈՎ
«Բավարիա»-«Բայեր» դիմակայությունում մյունխենցիների 2:1 հաշվով հաղթանակն ակումբի համար դարձավ երկրի առաջնությունում անընդմեջ հիսուներորդը: Հաշվի առնելով Պեպ Գվարդիոլայի գլխավորած թիմի այսօրինակ պատրաստվածությունը, եղածը ոչ մի կերպ սահմանային չես համարի: Ասենք, որ եվրոպական ֆուտբոլային տերությունների լավագույն վեցյակից անընդմեջ հաղթանակների նման շքահանդես է ունեցել ևս երկու թիմ՝ իտալական «Միլանի» (58 խաղ) և պորտուգալական «Պորտուն» (վերջինս երկու անգամ է արել նման բան. մեկը՝ 55, մյուսը՝ 53 խաղով):
Վերադառնալով բունդեսլիգայի առաջնությանը՝ նշենք, որ բավարացիներից կրած պարտությունը «Բայերին» «տեղափոխեց» չորրորդ հորիզոնական: Նրա տեղը 47 միավորով պատրաստակամորեն գրավեց «Շալկեն», որը, ի դեպ, ընդամենը մեկ միավորով է հետ մնում Դորտմունդի «Բորուսիայից», որն իր հերթին 1:2 հաշվով զիջեց Մյոնխենգլադբախի իր անվանակցին: Տեղեկացնենք, որ որակազրկման պատճառով այս խաղը բաց է թողել Հենրիխ Մխիթարյանը, ում Կլոպը, ինչպես երևում է, այդպես էլ համարժեք փոխարինող չկարողացավ գտնել: Բոլոր դեպքերում, «Բորուսիայի» պարտությունը ցավալի է, որքան էլ թիմը հանդես է եկել առանց մեր ներկայացուցչի:
ՌԵԿՈՐԴՆԵՐ՝ ԱՆՁՆԱԿԱՆ ՈՒ ԱԿՈՒՄԲԱՅԻՆ ՄԱԿԱՐԴԱԿՆԵՐՈՎ
Իսպանական պրեմիեր լիգայում առաջատարի դիրքերը չզիջեց Մադրիդի «Ռեալը»՝ արտագնայում նվազագույն հաշվով առավելության հասնելով «Մալագայի» նկատմամբ: Արքայական ակումբին հաղթանակ բերած գոլը Ռոնալդուի համար դարձավ նաև ռեկորդային: Նա միակ ֆուտբոլիստն է, որ հինգերորդ մրցաշրջանն անընդմեջ դառնում է ոչ պակաս 25 գոլի հեղինակ: Հետաքրքրության համար հիշատակենք նախորդ չորս մրցաշրջանում նրա ցույց տված արդյունքները՝ 26, 40, 46, 34 գոլ:
Մրցաշարային աղյուսակում երկրորդի դիրքերը չզիջեց մայրաքաղաքային մյուս թիմը՝ «Աթլետիկոն», որը, ինչպես «Ռեալը», մրցակցի՝ «Էսպանյոլի» նկատմամբ առավելության է հասել նույն նվազագույն հաշվով: Այստեղ էլ գոլի հեղինակ է դարձել ռմբարկուների ցուցակում Ռոնալդուին 22 գոլով հետապնդող Դիեգո Կոշտան:
Տուրը հաղթանակով ավարտեց նաև «Բարսելոնը», որի գոլային ծարավն «Օսասունային» արժեցավ յոթ անպատասխան գնդակ: Առանձնապես թարմ բան ասած չենք լինի՝ վկայելով, որ այդ յոթից երեքի հեղինակը Լիոնել Մեսին է, ով դարձավ ակումբի թիվ մեկ ռմբարկուն: Այս հեթ տրիկի վերջին գոլը դարձավ 370-րդը Մեսիի ֆուտբոլային կյանքի կատալոնյան փուլում՝ նրան դարձնելով ակումբի պատմության բոլոր ժամանակների լավագույն ռմբարկու:
ԻՏԱԼԱՖՐԱՆՍԻԱԿԱՆ ՍՈՈՒՍ
Իտալական առաջնությունում հերթական հաղթանակը տարավ աղյուսակի անվիճելի առաջատարը: Թող որ «Ջենովայի» նկատմամբ «Ծեր սինյորայի» առավելությունը հաստատագրվեց նվազագույն հաշվով, սակայն շատ ավելի կարևորը միավորների պաշարը ևս երեք միավորով ավելացնելն էր, ինչն ավելի ու ավելի առարկայական է դարձնում մարաթոնն առաջին տեղում ավարտելու թուրինյան ակումբի հավակնությունները:
Չեմպիոնությանն ընդառաջ քայլ կատարեց և ֆրանսիական դիվիզիոնի առաջատարը: «Սենտ Էտիենի» հետ խաղում արձանագրված երկու գոլի հեղինակն էլ «Պարի Սեն Ժերմենի» ոսկե ձեռքբերումն է` Զլատան Իբրահիմովիչը:
Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ